Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Երեք տասնամյակ՝ նկուղում

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է խոնավ ու սառը նկուղում: Բարեկեցիկ կյանքով ապրելու նրանց որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետո՝ անհնար: Սուքիասյանների որդին՝ Արմանը, երեք տասնամյակ անցել է դժվարությունների միջով. պատանեկության տարիներին՝ քույրերի ու ծնողների, իսկ ընտանիք կազմելուց հետո՝ կնոջ ու զավակների հետ: Նա փորձել է քայլեր ձեռնարկել, սակայն ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, այդպես էլ չի հաջողել. կիսակառույցի պատերը մնացել են հին՝ քայքայված ծածկի տակ: Տեղանքին հատուկ՝ անձրևառատ ու խոնավ կլիմայի պատճառով, եղածն էլ է սկսել քարուքանդ լինել: Իսկ նկուղում ապրելը դարձել է վտանգավոր՝ ամբողջովին բորբոսի մեջ կորած պատերի պատճառով:

Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների աջակցությամբ, արդեն լուծվել է հին ու կաթացող տանիքի խնդիրը: Տեղատարափ անձրևներն այլևս սպառնալիք չեն ընտանիքի համար:

«Եթե փորձեի միայնակ լուծել խնդիրը՝ չէի կարողանա: Իսկ աջակցության շնորհիվ, ամբողջ տանիքը փոխել ենք ընդամենը 4 օրվա ընթացքում: Ուրախ եմ, որ երեխաներս ծածկի տակ են: Հիմա գուցե զգամ, որ նորմալ կյանքով ապրում եմ»,-ասել է Արմանը:

«Տունը երկրաշարժից հետո ահավոր վիճակում էր: Հայթայթած գումարը մի կերպ հավաքելով՝ փորձել ենք քարը քարին դնել: Մի ամբողջ կյանք՝ 30 տարի, երեխաներիս, իսկ հետո` նաև թոռներիս հետ, հուսահատված ապրել ենք խոնավ նկուղում: Այժմ ամեն ինչ փոխվել է. նոր հույսով ու երազանքով ենք ապրում: Այստեղից թոռներիս ուրախ տրամադրությամբ եմ բանակ ճանապարհելու»,-ասել է Արմանի մայրը՝ Գյուլփեր Սուքիասյանը:

Սուքիասյաններին հաջողվել է ընդլայնել ծրագրի շրջանակներում ակնկալվող աջակցության ծավալը: Դրա շնորհիվ, կանխվել է նաև կիսամութ ու բորբոսով պատված սենյակներում երեխաների առողջությունը քայքայելու իրական վտանգը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունն ի սկզբանե շեշտադրություն ուներ աջակցել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին, սակայն չպետք է անտեսենք նաև աղետի գոտու և այլ անապահով ընտանիքների բնակարանաշինության խնդրի մասին: Այս ընտանիքի համար առաջնային անհրաժեշտության խնդիր էր տանիքի վերանորոգումը, սակայն, մեր ներդրմամբ կարողացել ենք լուծել նաև ներքին հարդարման խնդիրը»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ, հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share