Բաժին. Բիզնես

Ալեքսանդր Եսայանը համաժողովի առաջին օրը համարում է հաջողված

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հաջողված է համարում համաժողովի առաջին օրը: Այս մասին Եսայանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Թե՛ երկիր ժամանած մարդկանցից, թե՛ հյուրերից, թե՛ մասնակիցներից լսում եմ, որ շատ մեծ ոգևորություն կա, և բոլորն առնվազն մոտենում, և ասում են, որ գալիս էին, սպասում էին, որ համաժողովը պետք է լավը լինի, բայց երբեք չէին պատկերացնում, որ հնարավոր է՝ նման համաժողով լինի: Անձամբ իմ տպավորությունը շատ դրական է: Ինձ թվում է, որ մեզ հաջողվել է անել այն, ինչը որ փորձում էինք ստանալ»,- ասաց Եսայանը:

WCIT-2019 կազմակերպչական կոմիտեի նախագահը նշեց, որ միջոցառման մշակութային բացման արարողությունն ու պանելային քննարկումները տպավորել են հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքին:

«Բացմանը նշվեց, որ նման բացում նրանք իրենց 40 տարվա պատմության մեջ չեն ունեցել, ինչը շատ ոգևորիչ էր մեզ համար: Գիտեք, թե ինչ երկրներում է անցկացվել WCIT-ը, և մարդիկ հիացած են հենց մեր բացման արարողությունից: Ինչ վերաբերում է քննարկումներին, նույնպես շատ դրական արձագանքներ ենք ստանում», – նշեց նա:

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին ևս համաժողովի շրջանակներում հետաքրքիր քննարկումներ են սպասվում:

«Վաղը նույնպես շատ հետաքրքիր օր է լինելու, շատ մասնակիցներով: Վաղը նաև Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա: Ունենք բավական հետաքրքիր քննարկումներ ֆինանսական սեկտորի հետ: Ես ստանում եմ նաև մեր տեղական ընկերություններից դրական արձագանքներ այն առումով, որ նրանք հանդիպել են դրսից ժամանած ընկերությունների ղեկավարների հետ, ունեցել շատ արդյունավետ քննարկումներ»,- ասաց Ալեքսանդր Եսայանը:

WCIT-2019 կազմակերպչական կոմիտեի նախագահը նշեց, որ համաժողովի արդյունքները վերջնական կամփոփեն դրա ավարտից հետո:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Share