Բաժին. Բիզնես

Ucom. uGo շարժական ինտերնետի բաժանորդները հավելյալ ինտերնետ կստանան ամեն ամսվա 20-ին

Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo սակագնային պլանների առկա և նոր բաժանորդներն այսուհետ հավելյալ գիգաբայթեր կստանան յուրաքանչյուր ամսվա 20-ին՝ անկախ համաձայնագիր ունենալու հանգամանքից։ Մասնավորապես uGo 5500, uGo 7500 և uGo 12500 սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետի 40 ԳԲ, 70 ԳԲ և 100 ԳԲ ծավալի յուրաքանչյուր ամսվա 20-ին կստանան ևս 30 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ։ uGo 3500 սակագնային պլանի բաժանորդներն ի լրումն ստանդարտ 15 ԳԲ-ի կստանան ևս 15 ԳԲ գերարագ ինտերնետ։ Իսկ մարզային uGo 2500 սակագնային պլանի առկա և նոր բաժանորդները կվայելեն լրացուցիչ 10 ԳԲ՝ արդյունքում ունենալով 20 ԳԲ ընդհանուր ծավալ յուրաքանչյուր ամսվա ընթացքում։

«Մենք մշտապես վերանայում ենք մեր առկա առաջարկները, որպեսզի Ucom-ի առկա ու նոր բաժանորդները կարողանան իրենց պահանջներին համապատասխան օպտիմալ լուծում ստանալ։ Այսուհետ շարժական ինտերնետի uGo սակագնային պլանների բաժանորդները կարող են չմտահոգվել ամսվա վերջում ինտերնետի ծավալի սպառման մասին, քանի որ յուրաքանչյուր ամսվա 20-ին կստանան լրացուցիչ գիգաբայթեր մինչև հաջորդ ամսվա սկիզբն օգտագործելու համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ վերանայվել են նաև uGo շարժական ինտերնետի փաթեթների արժեքները և այսուհետ գերարագ ինտերնետի 5 ԳԲ փաթեթն ակտիվացնելու համար բաժանորդները կվճարեն 1500 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն, իսկ 10 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթի արժեքը կկազմի 2000 դրամ նախկին 3000 դրամի փոխարեն։

Share