Բաժին. Բիզնես

Հայաստանցի օգտատերերի մեկ երրորդից ավելին 2019-ի առաջին 9 ամիսներին բախվել է կիբեռսպառնալիքների

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների. այդ սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից (ԾԱ), որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի այդ, Հայաստանում մոբայլ սարքեր գործածողների մոտ 2%-ը հանդիպել է վնասաբեր ԾԱ-ի։ Այս մասին վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Կիբեռսպառնալիքներն արդիական են ոչ միայն տնային օգտատերերի պարագայում։ Հայստանում գործող ընկերությունների աշխատակիցների շրջանում 2019-ի հունվար-սեպտեմբերին համացանցից վնասաբեր ԾԱ-ի գրոհների բախվածների բաժինը կազմել է 10%։ Տեղային սպառնալիքների պարագայում համանման ցուցանիշն ավելի մեծ է՝ 32%։

Ակտիվ աճ են դրսևորել ծածկագրող և շորթող ծրագրերը։ Այսպես, եթե անցյալ տարվա կեսերին (երկրորդ եռամսյակ) ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնաբերել է նման վնասաբեր ծրագրերի 7,5 հազար նմուշ, ապա 2019-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով դրանց թիվը կազմել է ավելի քան 16 հազար։ Հայաստանում անցած երեք եռամսյակներում ծածկագրող ծրագրերի գրոհների բախվել է մոտ յուրաքանչյուր 115-րդ օգտատերը։

Չարագործների շրջանում գրոհների ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է՝ կեղծ վեբ-էջերի ստեղծումը կամ նույնպիսի նամակների տարածումը, որոնք արտաքնապես առավելագույնս նման են օրինական ռեսուրսների և հայտնի ընկերությունների և ծառայությունների հաղորդագրությունների։ Նման կերպ կիբեռհանցագործները փորձում են բթացնել օգտատիրոջ զգոնությունը, առաջացնել նրա հետաքրքրությունն ստացված նամակի կամ բացված էջի նկատմամբ և արդյունքում ստիպել, որ նա ներբեռնի քողարկված վնասաբեր ծրագիրը կամ տրամադրի գաղտնի տեղեկատվություն։ «Կասպերսկի» ընկերության լուծումները 2019-ի երեք եռամսյակների ընթացքում Հայաստանում արգելափակել են ֆիշինգային էջեր անցման 187  փորձ։ 

«Չարագործներն օգտագործում են գրոհների տարբեր վեկտորներ և ակտիվորեն կատարելագործում իրենց գործիքները։ Ահա թե ինչու է ժամանակակից օգտատերերին անհրաժեշտ միշտ զգոն լինել։ Սակայն միայն հակավիրուսը վաղուց արդեն բավական չէ, իսկապես հուսալի պաշտպանական լուծումը պետք է լինի համալիր և ներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հետ մղել, այդ թվում՝ և՛ ֆիշինգային գրոհները, և՛ շորթող ծրագրերի գրոհները»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Կիբեռսպառնալիքներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին հետևել մի քանի հիմնական կանոնների.

– չանցնել նամակների, մեսենջերների կամ SMS-ների կասկածելի հղումներով;

– կանոնավոր կերպով տեղադրել օպերացիոն համակարգի և հավելվածների թարմացումները;

– հավելվածներ տեղադրել միայն պաշտոնական աղբյուրներից;

– բոլոր օգտահաշիվների համար կիրառել բարդ և տարբեր գաղտնաբառեր;

– կանոնավոր կերպով կատարել կարևոր տվյալների պահուստային կրկնօրինակում;

– հավելվածներին չտրամադրել հասանելիություն այն գործառույթներին, որոնք դրանց անհրաժեշտ չեն;

– տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։

Իսկ կազմակերպություններին, այդ թվում՝ միջին և փոքր գործարարության հատվածի, «Կասպերսկի» ընկերությունը խորհուրդ է տալիս.

– աշխատակիցների համար անցկացնել կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման դասընթացներ, որոնց ընթացքում կարելի է զարգացնել թվային միջավայրում անվտանգ վարքի գործնական հմտություններ;

– կատարել ֆայլերի (նիշք) պահուստային կրկնօրինակում և ծածկագրում՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար;

– կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը՝ չփակված խոցելիությունների առկայությունից խուսափելու համար;

– ընտրել հարմար կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով համապատասխան պաշտպանական լուծում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share