Բաժին. Բիզնես

Գործարկվեց Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։

Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական Ցանցերին միացնելու արարողությունները իրականացվեցին «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերի՝ Հայկ Շեկյանի և Կարեն Ղազարյանի կողմից։ Կարեն Ղազարյանն իր խոսքում նշեց․ «Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել Արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»։ Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած՝ «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ավելացրեց․ «Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, կարող են վստահորեն դիմել մեզ։ Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ։ Առանձնահատում շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ նախագծի ֆինանսավորումը շահավետ պայմաններով իրականացնելու և պրոֆեսիոնալ աշխատելաոճի համար»։

Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էր ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ պարոն Մայքլ Լին, ով իր խոսքում նշեց, որ հպարտ է կատարված աշխատանքով։ «Հայաստանում շփվեցի տասից ավել գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար»։

Բացման պաշտոնական արարողությունից հետո համահիմնադիրները հրավիրեցին ներկաներին շրջայց կատարելու «ԱրՍան 1-2»-ում՝ ներկայացնելով կայանի տեխնիկական առանձնահատկությունները, կիրառված նորագույն լուծումները։ Մասնակիցներն ունեցան քննարկումներ ոլորտին առնչվող հարցերի շուրջ։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Կոտայքի մարզպետարանից և պետական այլ մարմիններից, մի շարք երկրների դեսպաններ, հայաստանյան գործարարներ, որոնցից շատերն արդեն իսկ կիրառում են արևային էներգիայի լուծումներն իրենց բիզնեսների համար և ցանկություն ունեն ավելացնելու ներդրումները:

Նախագծի մասին հայտարարվել էր ուղիղ մեկ տարի առաջ` Նոյեմբերի 14-ին Հայաստանի Էներգետիկ շաբաթվա միջոցառումների ընթացքում (նկարը կից)։ Ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, հուլիսին տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ)։ Կայանը ֆինանսավորվել է «Արմսվիսբանկ»-ի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի ԳՀՀ ՎԷ ծրագրի շրջաննակներում, որի ռեսուրսները տրամադրվում են գերմանական KfW բանկի կողմից։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով։ Այսպիսով՝ Հայաստանում «ԱրՍան 1-2»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր աշխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։

Տեխնիկական տվյալներ.

1. Ներդրումների ծավալ՝ 2մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

2. Տարածքը՝ 4հա

3. Վահանակները՝ 5832 հատ 380Վտ հզորությամբ

4. Տեսակը՝ երկկողմանի(bifacial)

5. Փոխակերպիչներ՝ 34 հատ

«ԱրՍան 1-2» կայանների բացման միջոցառումների շարքը կեզրափակվի հաջորդ օրը՝ Նոյեմբերի 14-ին «Հրազդան» հյուրանոցում կայանալիք ներդրումային ֆորումով, որի ընթացքում կներակայցվեն արևային խոշոր կայանների նախագծման ու կառացման գոյություն ունեցող լավագույն լուծումները, միջազգային արտադրողների նորարարական առաջարկները, բանկային ֆինանասվորման պայմանները։ Մուտքը՝ նախապես գրանցումով։ Հեռախոսահամար՝ 011 230023

Արդյունաբերական «ԱրՍան 1-2» արևային էլեկտրակայանը (ԱրԷԿ) նախագծվել և կառուցվել է «Շտիգեն» ընկերության կողմից։ Վերջինս հիմնադրվել է դեռևս 2011 թվականին և ներկայումս հանդիսանում է ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություն։

«Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004թ.: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում՝ առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Վերականգնվող էներգիայի ֆինանսավորմումը հանդիսանում է Բանկի ռազմավարական ուղղություններից: Վերջին 1,5 տարիների ընթացքում Բանկը արդեն իսկ ֆինանսավորել է մոտ 50 արևային համակարգերի նախագիծ։

Share