Բաժին. Բիզնես

Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև կստեղծվի համագործակցության նոր կամուրջ

Հայաստանում անցկացված WCIT 2019-ի շրջանակում Հայաստանի և այլ երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համագործակցության հեռանկարներն արդեն դառնում են տեսանելի: Աշխարհի ավելի քան 50 երկրներում գրասենյակներ ունեցող TAITRA-ն՝ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը ներկայացուցչություն է բացում Հայաստանում՝ կապելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ոլորտի ընկերություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, որը հանդիսանում է հրավիրող կողմը:

«WCIT-ի շրջանակում Հայաստանում էր նաև TAITRA-ի ղեկավարը Ջեյմս Ուանգը: Եվ մենք դեռ այդ օրերին քննարկեցինք Հայաստանում TAITRA-ի գրասենյակի հնարավոր բացման հարցը: Այն խթանում է ասիական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ և հակառակ ուղղությամբ: Դա նաև համագործակցության հարթակ է բիզնեսի համար: Ընկերությունը, տեսնելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների ձեռներեցությունը, նմանություններ է գտել նրանց միջև, և որոշում կայացրել գրասենյակ բացել նաև Հայաստանում, որը կաշխատի հենց երկու ամիս առաջ բացված Իսրայելի գրասենյակի հետ»,-ասաց Եսայանը:

Իսրայելը համարվում է նաև ստարտափերի երկիր, աշխարհում առաջատար դիրք է գրավում ստարտափերի թե քանակով, թե որակով: Հայաստանում ներկայացուցչություն ունենալը հնարավորություն կտա գրասենյակի հետ համագործակցելով ոչ միայն ծանոթանալ իսրայելական ընկերությունների հետ և համատեղ արտադրանք ստեղծել, այլ նաև այն Հայաստանի համար ուղիղ պատուհան կբացի՝ դեպի ասիական շուկա: Հայաստանում ՏՏ ոլորտի այն ընկերությունները, որոնք ունեն նորարական գաղափարներ և ցանկանում են արտադրություն կազմակերպել, այժմ հաճախ ստիպված են լինում իրենք չարչարվել, փնտրել, գտնել ընկերությունների, որոնք դրանով զբաղվում են: Իսկ TAITRA-ի ներկայության պարագայում ընկերությունները կարող են միանգամից դիմել դրան, որն իր բազայից կներկայացնի ընկերություններին: Այսինքն` հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ընձեռվում մի քանի ամսվա աշխատանքը կրճատել, բացի այդ իմանալ, որ վստահելի, որակյալ ընկերության հետ են աշխատելու: ԱՏՁՄ անդամ բոլոր ընկերությունները կունենան այդ հարթակից օգտվելու հնարավորություն:

TAITRA-ն Հայաստանում կլինի 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: TAITRA-ն ներառում է տարեկան մոտ 600 մլրդ դոլար շրջանառությամբ ընկերություններ: 1970-ին հիմնադրված այդ ոչ առևտրային կազմակերպությունն ունի 63 արտասահմանյան մասնաճյուղ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share