Բաժին. Բիզնես

ՁԻՀ. Գյումրիում երրորդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ԵՄ-ի օժանդակությամբ, ի թիվս այլ գործընկերների

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 23-24-ին, Գյումրիում երրորդ անգամ կազմակերպում են «Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով:

Հանրապետության ամենաընդգրկուն բարձրտեխնոլոգիական համաժողովի նպատակն է ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբելը, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկելը, մարզային հաջողված փորձերը ներկայացնելն ու փորձի փոխանակումը` հիմք ընդունելով Բարձր տեխնոլոգիաները, որպես մարզերի հզորացման երաշխիք։

 «Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» 2019 Համաժողովի առանցքային թեմա է ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։

Համաժողովը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից:

Համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 23-ին՝ պանելային 3 քննարկումներով՝ «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հանավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթությունները և մարտահրավերները» և «Բարձրագյույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման գրավական»: Համաժողովի 2-րդ օրը՝ նոյեմբերի 24-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն սեմինարներ և առաջատար բիզնես մասնագետները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով:

Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից , «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով։

———–

Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ՏՏ ոլորտի զարգացման բոլոր կարևորագույն ուղղություններին: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և Կապանի կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, և այլն:

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։ Լրատվական հարցումների համար խնդրում ենք դիմել Սեդա Սահակյանին` հետևյալ էլեկտրոնային հասցեով` gtc@eif.am

Share