Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանը Նիկոլ Փաշինյանին հայտնել է Հայաստանում բիզնես սկսելու մտադրության մասին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ մտադիր է Հայաստանում ներդրում կատարել և բիզնես սկսել։ Միլանում Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիմ Քարդաշյանը վերջերս Հայաստան էր այցելել։ Այս անգամ  նա Հայաստան էր այցելել  իր 4 երեխաներին հայկական եկեղեցում կնքելու համար։ Ցավոք, Քանյեն չէր եկել։  Ես հանդիպեցի նրա հետ և նա ասաց, որ մտադիր է Հայաստանում բիզնես սկսել և ներդրում կատարել։  Ես կարծում եմ, որ սա շատ լավ նորություն է։ Մենք հույս ունենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանում ոչ միայն հեռուստաաստղ կհամարվի, այլ նաև ներդրող, ինչը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ գովազդ կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քարդաշյանը Հայաստան էր այցելել իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Նա այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Գառնու հեթանոսական տաճար:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Share