Բաժին. Բիզնես

Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։

Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը ՀԲ ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունից։ Նա խոսել է էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, ստարտափներին հարկային արտոնություն տրամադրելու գործընթացի, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհների, տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման ուղղված մոտեցումների, ինչպես նաև «Հայկական վիրտուալ կամուրջ», «ՆերՈւժ» ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։

Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով TPQI –ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի 5 ծրագրերում բանկի հետ պետություն-մասնավոր գործակցությանը։

Ծրագրերից առաջինը «Ինժեներական քաղաքի» կառուցումն է՝ շուրջ 10 մլրդ դրամ ֆինանսավորմամբ: Երկրորդը՝ Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումն է՝ շուրջ 5 մլրդ դրամ։ Հաջորդը Սուպերհամակարգչային կենտրոնի ներդրման ծրագիրն է՝ շուրջ 4 մլրդ ֆինանսավորմամբ: Չորրորդը՝ Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումն է՝ 2,5 մլրդ դրամ ներդրումով, և Գյումրու Պոլիտեխնիկի վերազինման ծրագիրն է՝ 2,5 մլրդ դրամ արժողությամբ:

Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի իրականացումը, նշվել է դրա վերակազմավորման ընթացքում ռիսկերի ճիշտ գնահատումը, այդ գործընթացում լավագույն մասնագետներին ներգրավելու կարևորությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share