Բաժին. Բիզնես

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է լոուքոսթերի տոմս գնելիս ծանոթանալ բոլոր պայմաններին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է բյուջետային ավիաընկերություններից տոմս գնելիս ծանոթանալ բոլոր պայմաններին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ բյուջետային ավիաընկերությունների ծառայություններում նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել:

«Նախ պետք է հասկանալ, որ բոլոր ավիատոմսերը չեն 30 եվրո, կարող են լինել ավելի թանկ: Դա կախված է, թե երբ եք ձեռք բերում տոմսերը և ինչ ծառայություններ եք հավելյալ ցանկանում: Եթե գնում եք 30 եվրոյով տոմս, ապա այստեղ պետք է շատ ուշադիր լինել, որովհետև վճարում եք միայն տոմսի արժեքը: Օրինակ, Ryanair-ի պարագայում կարելի է շատ փոքր ուղեբեռ վերցնել, որը կտեղավորվի աթոռի տակ: Այն, ինչ մենք համարում ենք փոքր ճամպրուկ, դրա համար պետք է վճարել: Եթե ցանկանում եք, որ հստակ տեղ ամրագրվի օդանավում, ապա դա այլ գին է»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Նա հորդորում է կայքից օն-լայն տոմս գնելիս ամեն տողն անպայման կարդալ: Կան տոմսերի տարբերակներ, որոնք անպայման պահանջում են դեռ տանը գրանցվել: Այսինքն՝ մինչև օդանավակայան հասնելն այդ բոլոր գործողությունները պետք է արված լինեն: Եթե դա արված չէ, ապա օդանավակայանում դրա համար առանձին վճար են վերցնելու:

«Շատ կարևոր է, որ նման նրբությունները մարդիկ իմանան մինչև օդանավակայան հասնելը: Ryanair-ի նման ավիաընկերություններն օդանավակայանից պահանջում են, որ օդանավը սպասարկեն 25 րոպեի ընթացքում: Այսինքն՝ օդանավակայանում աշխատողները հնարավորություն չեն ունենալու ուղևորներին պարզաբանել այս է ճիշտ, թե այն: Իրենք ունեն քիչ ժամանակ ուղևորներին դուրս բերելու և օդանավը թռիչքի պատրաստելու: Հետևաբար, շատ կարևոր է բոլոր հարցերը նախապես ճշտած, հստակեցրած գնալ օդանավակայան»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Ինչ վերաբերում է լոուքոսթերների անվտանգությանը, ապա Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ նման խնդիր չկա: Նրա խոսքով, եթե «Ryanair»-ն անվտանգության խնդիր ունենար, ապա չէր լինի Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից: Այնտեղ կան լուրջ կառույցներ, որոնք վերահսկողության տակ են պահում ավիաընկերությունները: Դրանից բացի, բյուջետային ավիաընկերությունները հիմնականում թռիչքներն իրականացնում են թարմ օդանավերով:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Ցանկացողներն արդեն կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն:

Share