Բաժին. Բիզնես

Յուքոմը ցանկանում է գնել ՎԵՈՆ Արմենիան. ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն գործարքի հետքերով

Ընթացքի մեջ է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն գործարքը, որի արդյունքում Ucom-ը կգնի Beeline-ը։ Փորձենք հասկանալ, թե որոնք են գործարքի պատճառները, ինչպիսի ընթացք է ունենալու և ինչ փոփոխությունների կբերի Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում։

2019թ.-ի դեկտեմբերի վերջին ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ ընկերության բաժնետոմսերի 100% Յուքոմ ՍՊԸ-ին փոխանցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Գործընթացի համար օրենսդրությամբ սահմանված է առավելագույնը 60 օր։ Միևնույն ժամանակ՝ Ucom-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ գործարքի համար հանձնաժողովի թույլտվությունը ստանալու նպատակով, ինչի համար առավելագույն ժամկետը սահմանված է 90 օր։ Օրերս Յուքոմը և ՎԵՈՆ-ը նույնպես հաստատեցին վաճառքի վերաբերյալ բանակցությունների առկայությունը։

Իհարկե, նման խոշոր ընկերությունների միաձուլումը 90 օրում դժվար թե ավարտվի։ Սա դեռ միայն սկիզբն է։ Բավական ժամանակ կպահանջի կառուցվածքային ստորաբաժանումների միավորման համար, իսկ համակարգերի ամբողջական համակցումը և օպտիմալացումը կարող է տևել էլ ավելի երկար։

Հաշվի առնելով գործարքի մեծությունը, ենթադրաբար, այն կարող է իրականացվել փոխառու միջոցների հաշվին։ Խոսքը կարող է գնալ վարկային միջոցների ներգրավման, գուցե նաև պարտատոմսերի թողարկման մասին։

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում խոշորացման գործընթացները սկսվել են դեռևս 10 տարի առաջ։ Հեռաքրքրական է, որ կլանումների մեծամասնությունն իրականացվել է հենց Ucom-ի կողմից։ Սկզբում ընկերությունը ձեռք բերեց մի շարք փորք պրովայդերներ՝ iCON, Interactive և այլն։ Այնուհետև, գնեց Orange Armenia-ն, ինչի շնորհիվ ընկերությունը մուտք գործեք բջջային կապի շուկա։ Վերջին տարիներին ՀՀ հեռահաղորդակցական շուկայում «հարաբերական անդորր» էր, որտեղ գործում էին 3 բջջային կապի օպերատոր և միայն ամրակցված կապի ծառայություններ առաջարկող Ռոստելեկոմ ընկերությունը։

Ucom-ի կողմից Beeline-ի ձեռքբերումը համահունչ է նաև ներկա միջազգային միտումներին։ Մասնավորապես, փոխվում է հեռահաղորդակցության ոլորտի տրամաբանությունը։ Ձայնային ծառայությունների կրճատումը ընկերություններին մղում է դեպի թվային աշխարհ։ Տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը պահանջում է անընդմեջ ներդրումների իրականացում հեռահաղորդակցական ենթակառուցվածքներում։ Հաշված տարիների ընթացքում 3G-ից անցում 4G և մոտ ապագայում էլ 5G տեխնոլոգիաների ահռելի ներդրումներ են պահանջում, որոնք իրականացնելու հնարավորություն ունեն միայն խոշոր ընկերությունները, և սա միայն մեկ օրինակ է։ Այս ամենի հետևանքով հեռահաղորդակցության համաշխարհային շուկայում ի հայտ են եկել խոշորացման նոր միտումներ։

Խոշորացումները հնարավորություն են տալիս ընկերություններին օպտիմալացնել երկու ընկերությունների ցանցերի սպասարկման տեխնիկական կապիտալ և օպերացիոն ծախսերը` տնտեսված գումարները ուղղելով դեպի տեխնոլոգիական նորարարություններ, ցանցի արդիականացում, նոր ծառայությունների մշակում, աշխատակիցների քանակի ավելացում և նրանց հմտությունների կատարելագործում, ցանցի ծածկույթի և թողունակությունների ընդլայնում: Գործարքը նաև կբերի հեռահաղորդակցական շուկայի առողջացման, որտեղ կգործեն զարգացման ունակ հզոր և կայուն կապի օպերատորներ։ Նոր կլանումները սովորաբար բացում են նաև նոր ներդրումների իրականացման հնարավորություններ։ Այստեղ կարող ենք հիշել Օրանժի ձեռքբերումից հետո Յուքոմի իրականացրած շուրջ 34.5 մլն դոլարի ներդրումը, որն ուղղվեց 4G+ LTE ցանցի կառուցմանը։ Ուստի Beeline-ի ձեռքբերումը հավելյալ ներդրումային գումարներ կարող է բերել շուկա:

Գործարքի արդյունքում զգալի փոփոխություններ կարձանագրվեն ՀՀ հեռահաղորդակցության շուկայում։ Եթե հիմնվենք 2019թ. 3-րդ եռամսյակի տվյալների վրա, ապա գործարքից հետո ՀՀ բջջային բաժանորդների 58% բաժին կհասնի Վիվասել-ՄՏՍ-ին, 42%՝ Ucom-ին։ Բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների բաշխվածությունը կլինի հետևյալը. 61%՝ Վիվասել-ՄՏՍ, 39%՝ Ucom: Կանխավճարային բաժանորդներ. 62%՝ Վիվասել-ՄՏՍ, 38%՝ Ucom: Հետվճարային բաժանորդները բաշխվում են հավասարապես՝ 50%-50%։ Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Վիվասել-ՄՏՍ՝ 20%, Ucom` 80%։ Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Վիվասել-ՄՏՍ՝ 64%, Ucom` 36%։ Ինչ վերաբերում է ամրակցված կապի ծառայություններին, ապա այստեղ Ucom-ը դառնում է բացարձակ առաջատար։ Ընկերության մասնաբաժինը ամրակցված հեռախոսակապի շուկայում կկազմի 90%-ից ավել, իսկ ամրակցված ինտերնետի դեպքում ցուցանիշը կկազմի մոտ 80%։

Եզրափակելով նշենք, որ եթե նախկինում գերադասելի էր, որպեսզի ՀՀ հեռախաղորդակցության շուկա մուտք գործեին արտասահմանյան ընկերություններ, որոնք դրամական ներդրումներից բացի երկիր էին բերում գիտելիք և տեխնոլոգիաներ, ապա տարածաշրջանային հեռահաղորդակցական և տեխնոլոգիական առաջատարի վերածված երկրում, հեռահաղորդակցության դերի կտրուկ աճի պայմաններում, ելնելով նաև անվտանգության նկատառումներից, արդեն գերադասելի են տեղական օպերատորները։ Մանավանդ, որ միայն այս դեպքում կգործի խոշորացման դրական էֆեկտը։

Ի դեմս Ucom-ի Հայաստանի Հանրապետությունում կա հեռահաղորդակցության ոլորտում մեծածավալ ներդրումների պատարաստ ընկերություն, ու համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս գործարքը «win-win» տարբերակ է ոչ միայն կողմերի՝ Ucom-ի և Beeline-ի, այլ նաև պետության և հեռահաղորդակցական ոլորտի համար։

Հարկ է անդրադառնալ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում Beeline-ի ունեցած դրական դերին։ 2008թ.-ին մուտք գործելով ՀՀ հեռահաղորդակցական շուկա՝ Արմենտելի նախկին սեփականատաերերից ստացած ծանր ժառանգության պայմաններում, ընկերությունն անմիջապես գործարկեց Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայությունը, ինչի արդյունքում Հայաստանում ինտերնետի տարածումը մասսայական բնույթ ստացավ։ Վերջին տասնամյակում ընկերությունը հաջողությամբ պահում էր ամրակցված ինտերնետի շուկայում առաջատարի իր դիրքը։ Օպերատորը նաև զգալիորեն զարգացրեց իր բջջային ցանցը՝ կարողանալով բարձր որակի կապի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին։ Իրականացվեց գյուղական համայնքների ԱՀԿ-ների թվայնացում, իսկ  ամրակցված կապի ենթակառուցվածներում ներդրվեցին նորարարական համակարգեր, որոնք թույլ տվեցին մի քանի անգամ բազմապատկել տրամադրվեղ ինտերների արագությունը։

Share