Բաժին. Բիզնես

Մհեր Փարվանյան. Կորոնավիրուսը նոր իրականություն է սահմանելու. հնարավորություն կա տնտեսությունը հիմքից կերպափոխելու

«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր Մհեր Փարվանյանի հետ զրուցել ենք բիզնեսի հեռավար կազմակերպման, ծառայությունների հեռահար մատուցման մասին, ինչպես նաև կառավարության ծրագրերի, որոնք միտված են արտակարգ դրության պայմաններում բիզնես սեկտորի վնասները մեղմելուն:

Մհեր Փարվանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է ընձեռում զարգացնել հեռավար աշխատանքն ու ծառայությունների մատուցումն անկոնտակտ եղանակով:

«Մեր ընկերության օրինակով ասեմ: «Փարվանյան Քոնսալթինգը» ծառայություններ է մատուցում հաշվապահական հաշվառման, ֆինանսական կառավարման, իրավաբանական խորհրդատվության ոլորտում: Մենք աշխատանք ենք տարել ամբողջությամբ անցնել հեռավարի: Մարտի 16-ից՝ արտակարգ դրության հաստատումից 1-2 օր առաջ մեր անձնակազմն արդեն աշխատում էր տանից նույն ծանրաբեռնվածությամբ ու նույն որակով, ինչ աշխատավայրից: Հիմա տարեկան շահութահարկի հաշվարկման շրջան է: Այնպես որ մենք ամբողջությամբ զբաղված ենք: Բայց պետք է  ցավով նշեմ, որ հեռավար աշխատանքի անցումը միայն Երևանում է. այստեղ ՏՏ ոլորտն առավել զարգացած է, քան մարզերում», – ասում է Մհեր Փարվանյանն ու նկատում՝ ոչ բոլոր բիզնեսներն են կարող անցնել հեռավարի։

«ՏՏ ընձեռած հնարավորությունները մարդիկ միշտ երկրորդային պլան են մղել: Վճարահաշվարկային ծառայություններից հեռավար օգտվել չկարողացող քաղաքացիներ շատ կան», – Փարվանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է ժամանակակից աշխարհի ընձեռած հնարավորություններին ծանոթանալու և դրանցից օգտվել սովորելու համար:

Մհեր Փարվանյանը կարծում է, որ աշխարհում ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս պետություններին տնտեսության ազգայնացման գնալ: Մասնագետի կարծիքով՝ ամբողջությամբ ազգային տնտեսություն ունենալ չի հաջողվի, բայց խելացի լինելու դեպքում կարելի է իսկապես շահել ստեղծված իրավիճակից:

Share