Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է), փոխանցեց 2 մլն. դրամ թագավարակի COVID-19-ի դեմ պայքարի հանրապետական հիմնադրամ:

Ձեռնարկությունը հատուկ ուշադրություն է հատկացնում իր վետերաններին, որոնք մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին: Նրանց հանձնվել են մթերային փաթեթներ՝ մսային և կաթնային ապրանքներով, ձավարեղենով, շաքարով, ալյուրով և թխվածքաբլիթներով:

«ԱՐՄԵՆԱԼ-ը միշտ էլ դժվարին պահին իր պետության կողքին է: Այդպես է վարվել մեր նախորդը՝ ԿանԱԶ-ը, Սպիտակի երկրաշարժի և անողոք փորձությունների այլ օրերին: Այս ավանդույթը պահպանում է և ներկայիս գործարանը, որն աշխատելով անվտանգության պահպանման անհրաժեշտ միջոցների պայմաններում՝ գերակատարել է բիզնես-պլանը, ժամանակին ապահովում է աշխատակիցներին աշխատավարձով և պարգևավճարով, ինչպես նաև լիակատար ծավալով փոխանցում է հարկերը պետբյուջե», – ասաց «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:

Նրա խոսքերով, գործարանի աշխատակիցների մի մասն անցել է հեռավար աշխատակարգի, արտադրական  տարածքներում գտնվում են միայն հիմնական մասնագիտությունների բանվորները և նվազագույն թվով ղեկավարներ: Նրանք ապահովված են անվտանգության և հիգիենայի միջոցներով, գործարանային ճաշարանն օգտագործում է միանգամյա սպասք: Պահպանության ծառայությունը բուժաշխատողների հետ մեկտեղ վերահսկում է աշխատանքային հերթափոխին բոլոր ներկայացածների և գործարան այցելած անձանց ջերմաչափումը:

Մուտքի դարպասների մոտ բոլոր տրանսպորտային միջոցները, հատկապես արտերկրից ժամանած բեռնատարները, կայանում են հատուկ ախտահանիչ լուծույթով ծածկույթների վրա՝ անիվների ախտազերծման և վարորդի վիճակի ստուգման համար:

Share