Բաժին. Բիզնես

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Երեկ` հունիսի 1-ին, Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տիգրան Մեծ 29ա հասցեում տեղի է ունեցել Ինեկոբանկի նոր` «Տիգրան Մեծ» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի  Զարգացման և արտաքին կապերի ծառայությունից` նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը և «Տիգրան Մեծ» մասնաճյուղի կառավարիչ Ռազմիկ Պետրոսյանը:

Ինչպես նշել է իր խոսքում Ա. Համբարձումյանը, «Այս մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է հաճախորդներին առավել հասանելի լինելու համար: «Տիգրան Մեծ» մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնի բանուկ վայրերից մեկում և աչքի է ընկնում սպասարկման բարձր որակով և հարմարավետությամբ: Առաջիկա տարիներին մենք նախատեսել ենք նոր մասնաճյուղերի բացում ինչպես Երևանի տարբեր համայնքներում, այնպես էլ մարզերում` առաջնորդվելով «Բարձրորակ սպասարկում` հաճախորդներին առավել հարմար վայրում» սկզբունքով»:

«Տիգրան Մեծ» մասնաճյուղը առաջարկելու է իրավաբանական անձանց և անհատներին բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` հաշիվների սպասարկում, սպառողական և բիզնես վարկեր, ավանդներ, վճարային քարտեր, դրամական փոխանցումների համակարգերի ընտրության լայն հնարավորություն, կոմունալ վճարումների ընդունում, ապառիկ առևտրի ֆինանսավորում և այլն:

Արդեն 15 տարի է ինչ Ինեկոբանկը մատուցում է բանկային ծառայություններ և այսօր սպասարկում է  ավելի քան 169 000 հաճախորդ:

Share