Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 37.2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2011թ. հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 3103.5  տոննա ապրանքներ,  որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13755.4 մլն դրամ (37.2 մլն դոլար): Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների`  հաշվետու ամիսներին ստացված օգնության 35.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.9%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 12.1%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 9.6%-ը` մանածագործական իրերը, 8.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 16.6%-ը` մնացած ապրանքները:  

Հաշվետու ժամանակահատվածում առավել շատ օգնություն Հայաստանը ստացել է ԱՄՆ-ից՝ 9795.6 հազ.ԱՄՆ դոլար: Այս երկիրն ապահովել է մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալների 39.7%-ը: Միևնույն ժամանակ, Հայաստանը Չինաստանից ստացել է 9692.2 հազ.ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն (26.1%), Ֆրանսիայից՝ 1407.9 հազ.ԱՄՆ դոլար, ՌԴ-ից՝ 1198.7  հազ. ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ստացված մարդասիրական օգնությունն ավելացել է 5.1 անգամ, Չինաստանից ստացված օգնությունն ավելի քան եռապատկվել է: Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում միայն ԱՊՀ անդամ երկրերից ստացվել է 1934.0 հազ. ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնությունը:
Share