Բաժին. Տնտեսական

2011Թ.-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 1%-ՈՎ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Ավստրալիայի ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի տվյալների հետ համեմատած, աճել է 1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում երկրի տնտեսական աճը հիմնականում պայմանավորվել է մետալուրգիական ոլորտում իրականացված ներդրումների աճով: Նշենք, որ տարեկան կտրվածքով Ավտսրալիայի տնտեական աճը կազմել է 2,5%:

Նշենք, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) վերլուծաբանների գնահատմամբ` ածխի և մյուս այլ հումքային արտադրանքների արտահանման ծավալների շարունակական աճն, ինչպես նաև ազգային արժույթի դիրքերի զգալի ամրապնդումը կարող են մոտ ապագայում լուրջ խնդիրներ ստեղծել Ավստրալիայի տնտեսության համար:

ԱՀԿ գնահատականներով` ասիական երկրներում, և, մասնավորապես Չինաստանում և Հնդկաստանում, հումքային արտադրանքների նկատմամբ մեծ պահանջարկը թույլ տվեցին Ավստրալիային խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից: Ընդ որում, համաշխարհային ճգնաժամի ամենաթեժ պահին Ավստրալիայի տնտեսությունը չգրանցեց անկում և ավելին` ճգնաժամային տարին ամփոփեց 1,4% տնտեսական աճով: ԱՀԿ վերլուծաբանների կարծիքով` սա խոսում է այն մասին, որ Ավստրալիայի տնտեսսւթյունն աշխարհի առավել մրցունակներից մեկն է: Միևնույն ժամանակ, սակայն, ըստ վերլուծաբանների, արտահանման գների շարունակական աճը և գործազրկության ցածր մակարդակը կարող են ոչ ճիշտ պատկերացում տալ երկրի տնտեսության կառուցվածքային խնդիրների մասին, և այս պայմաններում այդքան անհրաժեշտ տնտեսական բարեփոխումները կարող են մղվել երկրորդային պլան: Բացի այդ, Ավստրալիայի տնտեսության զգալի կախվածությունն արտահանումից և հումքի համաշխարհային գներից երկրի տնտեսությունը դարձնում են առավել խոցելի, իսկ այս ամենի համատեքստում էլ ավստրալիական դոլարի փոխարժեքի բարձր մակարդակը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի վրա:
2010 թվականի արդյունքներով Ավստրալիայի տնտեսությունը գրանցել էր 2,7% աճ: 2011 թվականի համար կանխատեսվում է 4,5% աճ:
Share