Բաժին. Տնտեսական

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ. ՊԵՏՔ ՉԷ ՎՍՏԱՀԵԼ «ԼԱՎ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամերիկյան տնտեսությունը գրանցել է «բարենպաստ» մակրոտնտեսական ցուցանիշներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ 2012 թվականին ԱՄՆ տնտեսությունը «կառողջանա» ու կապահովի կայուն տնտեսական աճ: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Roubini Global Economics վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Վերջինս գտնում է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի ստեղծումը, սպառման ծավալների աճը և անգամ բնակարանային շինարարության ոլորտում գրանցված ակտիվությունը, մի շարք այլ «լավ» մակրոտնտեսական նորությունների հետ միասին, դեռևս բավարար չեն, որպեսզի ամերիկյան տնտեսությունը կարողանա մուտք գործել կայուն վերականգնման ու աճի փուլ: Նոբելյան մրցանակակիր այս տնտեսագետն իր նման տեսակետը պարզաբանում է մի քանի դիտարկումներով` փորձելով ապացուցել աշխարհին, որ պետք չէ ուղղակիորեն հավատալ «լավ» տնտեսական նորություններին:

Այսպես, ըստ Նուրիել Ռուբինիի` ներկայումս ամերիկացիների եկամուտները, ինչպես նաև ընդհանուր բարեկեցության մակարդակը, շարունակում են մնալ անկայուն` պայմանավորված փոխառությունների մեծ ծավալով: Նման պայմաններում իրական տնօրինվող եկամտի դանդաղ աճը, որը գրանցվել է վերջին ժամանակահատվածում, առավելապես հարկերի կրճատման արդյունք է: Սա նշանակում է, որ վաղ, թե ուշ այդ աճը, հարկերի բարձրացման արդյունքում (ինչն ԱՄՆ բյուջեի պակասուրդի կրճատման հետ կապված խնդիրների տեսանկյունից անխուսափելի է), մարելու է: Ստացվում է, որ ներկայումս ԱՄՆ տնտեսությունում սպառողական ծախսերի աճն ունի «արհեստական» բնույթ և չի կարող դիտարկվել որպես տնտեսության աճին նպաստող բարենպաստ գործոն:

Մյուս կողմից, ըստ ամերիկացի տնտեսագետի` ԱՄՆ տնտեսությունը շարունակում է բավականին խոցելի մնալ նաև զբաղվածության խնդիրների տեսանկյունից: Այն, որ վերջին ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է նոր ստեղծվող աշխատատեղերի ընդհանուր թվաքանակի աճ, Նուրիել Ռուբինիի գնահատմամբ` դրական զարգացում է, սակայն զբաղվածության հետ կապված խնդիրների ամբողջական լուծման առումով` ոչ բավարար: Գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում դեռևս պահպանվում է բավականին բարձր մակարդակում, և ամսական 150 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը նպաստում է միայն երկրում գործազրկության մակարդակի կայունացմանը և ոչ կրճատմանը: Ամերիկացի գործազուրկների 40%-ը «երկարաժամկետ» գործազուրկներ են, ինչը կրճատում է աշխատանք գտնելու վերջիններիս հնարավորությունները: Միևնույն ժամանակ, համաշխարհային ֆինանսական ներկայիս անկայունության պայմաններում ամերիկյան ընկերությունները դեռևս շարունակում են փնտրել ծախսերի կրճատման նոր ուղիներ, որոնցից առավել «հասանելին» աշխատատեղերի կրճատումն է: Ստացվում է, որ զբաղվածության ոլորտում ցանկալի արդյունք ապահովել համար անհրաժեշտ է նոր աշխատատեղերի ստեղծմանը զուգընթաց քայլեր ձեռնարկել նոր կրճատումները կանխելու ուղղությամբ:

Նուրիել Ռուբինին վստահ է, որ ամերիկյան տնտեսությունը կկարողանա մուտք գործել կայուն զարգացման փուլ, եթե իրականացվեն համակարգային ու փոխկապակցված միջոցառումներ: Դրական ու «մանր» փոփոխությունները, որոնց հիմքում ընկած են ոչ արդյունավետ գործոններ, չեն կարող նպաստել ամերիկյան տնտեսության վերականգնմանը:

Share