Բաժին. Տնտեսական

«ԱՆԱՐԺԱՆ» ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՆՀՈՒՅՍ ԵՎՐՈՊԱ

Ռուսաստանն արժանի չէ զարգացող առաջատար երկրների BRICS միության (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) անդամ-երկրի կոչմանը, քանի որ վերջին տասնամյակում այս երկրի կառավարությունը չի իրականացվել ոչ մի արդյունավետ տնտեսական քայլ: Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հայտնի տնտեսագետ և Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին` ընդգծելով, որ Ռուսաստանում կառավարությունը կենտրոնացված է որոշ մարդկանց ձեռքերում, և նման պայմաններում երկրի տնտեսությանն ավելի քան բնութագրական են կոռուպցիան, անարդյունավետությունն ու ոչ թափանցիկությունը: Ամերիկացի տնտեսագետը նաև նշել է, որ Ռուսաստանը զգալի հետ է մնում իր մրցակիցներից, և երկրին չեն օգնում անգամ մեծ պաշարները:

Միևնույն ժամանակ, խոսելով եվրոպական պարտքային ճգնաժամի ու դրա հաղթահարմանն ուղղված եվրոպական երկրների կառավարությունների ձեռնարկած միջոցառումների մասին` Նուրիել Ռուբինի նշել է, որ 2012 թվականը Եվրոպայի համար լինելու է բավականին բարդ տարի. ճգնաժամը տարածաշրջանում առավել է խորանալու: Ամերիկացի տնտեսագետը եվրոպական երկրներին առաջարկել է քայլեր ձեռնարկել ոչ թե պետական ծախսերի կրճատման ուղղությամբ, այլ փորձել խթանել տնտեսական աճն ու թուլացնել եվրոյի դիրքերը:

Նշենք, որ BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) տերմինի հեղինակն ամերիկացի տնտեսագետ Ջիմ Օ`Նիլն է, ով վերջերս առաջարկել էր այս երկրների ցանկում ավելացնել ևս 4 երկիր` Մեքսիկա, Հարավային Կորեա, Թուրքիա և Ինդոնեզիա: Այս պետություններին Օ`Նիլը անվանել է «աճի շուկաներ»:

Share