Բաժին. Տնտեսական

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամլո ասուլիսը: Նախարարը ներկայացրել է 2012 թվականի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի գերակա խնդիրներն  ու կարևորագույն ծրագրերը: 

Այսպես, դրանցից առաջինը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության ապահովումն է: Այդ համատեքստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կարևորում է ՀԱԷԿ-ի էներգաբլոկի սթրես-թեստի անցկացումը: Նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է ԵՄ առաջարկին՝  անցկացնել 2-րդ էներգաբլոկի սթրես-թեստ: Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի սթրես-թեստի  անցկացումը հնարավորություն կտա շարունակել թիվ 2 էներգաբլոկի հետագա շահագործումը և ԵՄ-ից ստանալ համապատասխան տեխնիկական աջակցություն` անվտանգության բարձրացման հարցում: Ներկայումս Հայկական ԱԷԿ-ի անձնակազմը պատրաստում է ԵՄ-ի կողմից առաջարկված սթրես-թեստի  հարցերի պատասխան-վերլուծությունը: ԵՄ-ը համաձայնվել է հայկական կողմին տրամադրել համապատասխան օգնություն՝ սթրես-թեստի հարցերի պատասխան-վերլուծություն փաստաթղթի պատրաստման հարցում:

Սթրես-թեստի  հարցերի պատասխան-վերլուծություն վերջնական փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի քննարկմանը, իսկ 2012թ. 2-րդ եռամսյակում այն պետք է ներկայացվի ԵՄ մասնագետների քննարկմանը: Համաձայն ԵՄ-ի կողմից սթրես-թեստի  հարցերի պատասխան-վերլուծություն փաստաթղթի վերաբերյալ արված դիտողություններին և առաջարկություններին՝ ՀԱԷԿ-ի կողմից կմշակվի միջոցառումների իրականացման պլան- ժամանակացույց, որը կհաստատվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

2012 թվականի գերակա խնդիրներից է նաև  «Երևանի ՋԷԿ»  ՓԲԸ-ի հին հզորությունների վերազինման ծրագիրը: Այն  ենթադրում է ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինում ու շահագործում՝ ջուր-ածխային վառելիքի հենքի վրա` էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով:

Այս տարվա  գերակա խնդիրներից  առանձնացվել է նաև ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև  հանքավայրերի շահագործման և օգտակար հանածոների երևակումների երկրաբանական ուսումնասիրություններին ներկայացվող միջազգային չափորոշիչներին համապատասխան, համահունչ պահանջներով տեխնիկական կանոնակարգերի մշակման անհրաժեշտությունը:

Share