Բաժին. Տնտեսական

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՈՒՄ

Ամերիկացի հայտնի տնտեսագետ, Roubini Global Economics վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին գնահատել է Եվրոպային ներկայիս ֆինանսական դրությունն ու վերջինիս տնտեսական զարգացման հեռանկարները:

Ըստ Ռուբինիի, Եվրոպայի ճգնաժամը գնալով կխորանա, որին կնպաստեն Իտալիայի և Իսպանիայի պարտավորությունների, ինչպես նաև Պորտուգալիայի և Հունաստանի փոխառությունների ընդհանուր ծավալի աճը: Ռուբինիի դիտարկմամբ` եվրոպական անկայուն տնտեսական դրությունը խիստ բացասաբար կանդրադառնա նաև Ֆրանսայի և Գերմանիայի տնտեսական կայունության վրա:

«Պետական ծախսերի կրճատումը, հարկերի բարձրացումն ու տնտեսական կայունության վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը կկրճատեն ներքին պահանջարկը»,- նշել է Ռուբինին: Որպես ելք նա առաջարկել է «կարգավորել» առևտրային հաշվեկշիռը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նուրիել Ռուբինին հայտարարել էր, որ 2013 թվականին Եվրագոտին կմնա առանց Հունաստանի: Միևնույն ժամանակ, Իտալիան և Իսպանիան ստիպված կլինեն վերակազմավորել իրենց պետական պարտքը: Հակառակ դեպքում, ըստ տնտեսագետի, Եվրագոտու փլուզումն անխուսափելի կլինի:

Share