Բաժին. Տնտեսական

ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 92-ՐԴՆ Է

Այսօր՝ ապրիլի 18-ին, կայացել է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012. Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը» զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը պատրաստել և հրատարակել են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:

Համաձայն զեկույցի՝ 2011 թվականին Հայաստանը բարելավել է իր մրցունակության դիրքը. մրցունակության կատարողականով մեկ երկիրը 142 երկրների շարքում զբաղեցրել է 92-րդ տեղը`  2010 թվականի արդյունքների համեմատությամբ ապահովելով 6 միավորով առաջընթաց: Ըստ զեկույցի հեղինակների՝ 2011 թվականին Հայաստանն անցել է տնտեսական իրականության առավել հավասարակշռված վիճակի:

Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի՝ Հայաստանի տնտեսության հիմնական թերություններից շարունակում է մնալ ցածր արտադրողականությամբ ոլորտների գերակայությունը ՀՆԱ-ի կառուցվածքում: Այսպես, Հայաստանի արտադրողականությամբ առաջատար երեք ոլորտները (ֆինանսական միջնորդություն, հանքարդյունաբերություն և շինարարություն) ընդգրկում են երկրի զբաղվածության ընդամենը 9%-ը, այնինչ աշխատուժի գրեթե կեսը կենտրոնացած է նվազագույն արտադրողականություն ունեցող ոլորտներում:

Զեկույցի տվյալների համաձայն՝ 2005թ.­ին հաջորդած ժամանակահատվածում Մրցակցության համաշխարհային զեկույցում Հայաստանի զբաղեցրած դիրքը մակրոտնտեսական կատարողականով վատթարացել է: Պետական ֆինանսների ոլորտում  անբարենպաստ զարգացումները և գնաճի համեմատաբար բարձր մակարդակները եղել են վարկանիշի նման իջեցմանը նպաստող հիմնական գործոնները: Բացի այդ, այլ կառուցվածքային գործոններից են նաև վճարային հաշվեկշռի դեռևս էական (սակայն բարելավվող) պակասուրդը, արտասահմանից եկող մասնավոր տրանսֆերտներից զգալի կախվածությունը, ինչպես նաև եկամտի և սպառման մակարդակի միջև աճող անհավասարությունը:

Հատկանշական է, որ զեկույցի շնորհանդեսին մասնակցել է նաև Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն ուղվված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Share