Բաժին. Տնտեսական

ՏՀՏ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ

Մեր երկրում տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման նախաձեռնությունը գտնում է նոր համախոհներ: Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը ևս միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը՝ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ:

«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ, Հայաստանի ինժեներական, ճարտարապետաշինարարական, վիզուալիզացիայի և այլ ոլորտներ ձեռք կբերեն միջազգային շուկայի պահանջարկին համապատասխան մակարդակ, մրցունակություն և կդառնան տարածաշրջանի առաջատար», – նշել է Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:  Նրա խոսքով՝ նախարարության առկայությամբ և գործունեությամբ կլուծվեն նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հայկական շուկայում ինժեներությունը որպես արժեքավոր և կարևոր մասնագիտության համբավի վերականգնումը և պահպանումը, ոլորտի զարգացմանը նպաստող հարկային, մաքսային օրենսդրության բարելավումը, սկսնակ կազմակերպություններին հատուկ ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելը և այլն:

Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլն:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին:

Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:

Share