Բաժին. Տնտեսական

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՄ»

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լիբիայում իր բիզնեսի ձախողմանը: Նա նշել է, որ վերջին ութ տարիների ընթացքում ինքը Լիբիայում իրականացրել է 1 միլիարդ դոլարից ավել ներդրումներ և լավ հարաբերությունների մեջ է եղել Լիբիայի իշխանությունների, մասնավորապես նաև Քադաֆիի հետ:

Արա Աբրահամյանը նշել է, որ Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ինքը կորցրել է խոշոր ֆինանսներ, սակայն հույս ունի վերականգնել կորցրած բիզնեսը և սառեցված ներդրումները:

Նա նաև անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ ինքը ֆինանսական խնդիրներ ունի և նշել. «Ես բանկրոտ չեմ, և չկա մի մարդ, որին ես մեկ դոլար պարտք լինեմ: Ես աշխատում եմ տարբեր բանկերի և ընկերությունների հետ, և մամուլի անդրադարձն ինձ մեծ վնաս հասցրեց. բոլոր բանկերը պահանջեցին իրենց գումարները: Երբ պետք է բոլորի գումարները միանգամից հետ վերադարձնես, պետք է երեք անգամ էժան վաճառես քո գործող բիզեսը»,- ասել է Արա Աբրահամյանը:

Share