Բաժին. Տնտեսական

ՌՈՒԲԻՆԻ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԹՈՐԻԿ»

Իր տնտեսական զարգացումներով 2013 թվականը ևս կլինի հիասթափեցնող: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով վստահ է, որ հաջորդ տարի համաշխարհային տնտեսությանը սպառնում է «կատարյալ փոթորիկ»:

Bloomberg TV-ին տված իր հարցազրույցում Նուրիել Ռուբինին նշել է, որ 2013  թվականին աշխարհի առավել զարգացած երկրների տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, և մի շարք զարգացած երկրներում կգրանցվի տնտեսական անկում, ինչի արդյունքում ի հայտ կգա, այսպես կոչված, «կատարյալ փոթորիկ»-ն՝ իր հետ բերելով տնտեսական խնդիրների միաժամանակյա խորացում աշխարհի գրեթե բոլոր  ծայրերում:

Այսպես, ԱՄՆ-ում տեղի կունենա նոր «ֆինանսական բում», Հունաստանի շուրջ ստեղծված իրավիճակն առավել կսրվի, Չինաստանի տնտեսության աճի տեմպերը զգալի կնվազեն, և, վերջապես, Մերձավոր Արևելքում  առկա հակամարտության առավել խորացման պայմաններում նավթի գինը կտրուկ կբարձրանա:

Ըստ ամերիկացի տնտեսագետի՝ 2013 թվականի տնտեսական հեռանկարներն ու ընդհանուր իրավիճակային զարգացումներն առավել վատատեսական են, քան 2008 թվականի ճգնաժամը. եթե 2008 թվականին կարելի էր անցնել մեղմ դրամավարկային քաղաքականության, կիրառել հարկային արտոնություններ և «ծանրաբեռնելով» պետական բյուջեն՝ իրականացնել հակաճգնաժամային քայլեր, ապա 2013 թվականին այլ բոլոր միջոցառումները կլինեն ուղղակի անարդյունավետ:

Նուրիել Ռուբինին հիշեցրել է, որ 2008 թվականին հիմնական խնդիրը կապված էր իրացվելիության հետ, իսկ այսօր արդեն գլխավոր խնդիրն անվճարունակությունն է:

Share