Բաժին. Տնտեսական

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ. ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՖԻՍԿԱԼ ԽԶՈՒՄԻՑ

Ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին կարծում է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի խուսափել ֆիսկալ խզումից: Ըստ տնտեսագետի՝ հավանականությունը, որ ամերիկյան տնտեսությունը կանցնի ֆիսկալ խզման փուլը, շատ մեծ է: Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ֆիսկալ խզումն ամերիկյան տնտեսության համար այնքան էլ վատ երևույթ չէ. ֆիսկալ խզման նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքը կստիպի դեմոկրատներին և հանրապետականներին գնալ փոխզիջումների և համաձայնության գալ:

Նուրիել Ռուբինիի կանխատեսմամբ՝  ֆիսկալ խզման պարագայում, որը ենթադրում է պետական ծախսերի նվազեցմանը զուգահեռ հարկային բեռի աճ, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կկրճատվի 1.4%-ով, սակայն երկրին, ընդհանուր առմամբ, կհաջողվի դիմակայել ֆիսկալ խզման ճնշմանը:  

Նշենք, որ ֆիսկալ խզումն անխուսափելի կլինի, եթե մինչև տարեվերջ ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը չբարձրացվի:  

Պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում են արդեն երկար ժամանակ:

Share