Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. ԵՐԵՎԱՆ-ՎԱՆԱՁՈՐ ԵՐԹՈՒՂՈՒ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԱՆՀԻՄՆ Է

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ստացել է դիմում-բողոք Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից այն մասին, որ նշված ուղղություններով երթևեկելու համար ստիպված են վճարել 200  դրամով ավելի, քանի որ ուղետոմսի արժեքը նախկին 1200-ի փոխարեն դարձել է 1400 դրամ: Այս մասին եղել են նաև հրապարակումներ մամուլում:

Հիմք ընդունելով վերոնշյալները՝  Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևան-Վանաձոր-Երևան թիվ 403 երթուղին սպասարկող  «Գասուռ»  և Վանաձոր-Երևան-Վանաձոր թիվ 404  երթուղին սպասարկող «Ոսկեթև» ընկերությունների գործունեությունը` գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով: 

Սակագնի փոփոխությունը ուղևորափոխադրողները պատճառաբանել են վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ, սակայն ՏՄՊՊՀ  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի ձևավորման վրա ազդող որևէ գործոն էականորեն չի փոփոխվել: Հարկ է նաև նշել, որ բոլոր մյուս երթուղիների սակագները մնացել են անփոփոխ:

Քանի որ խնդիրը առաջնահերթ  գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ապա Հանձնաժողովը վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու և նախկին գինը վերականգնելու, այսինքն 1400 դրամից 1200 դրամ դարձնելու միջնորդությամբ:

Share