Բաժին. Տնտեսական

ՆԱՎԹԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹԱՆԿԱՆԱԼ

Համաշխարհային շուկայում առկա կայուն պահանջարկը, մատակարարումների հետ կապված լարվածությունն ու շուկայի խաղացողների՝ ռիսկի դիմելու պատրաստակամությունը նավթի գներին հաղորդում են աճի լրացուցիչ ազդակ, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս նավթը կշարունակի թանկանալ: Միևնույն ժամանակ, սակայն, նավթի գների կտրուկ աճ չի գրանցվի: Նման կարծիք են հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինիի հիմնադրամի վերլուծաբանները: Վերջիններս խորհուրդ են տալիս «նավթային» ներդրումների համար ընտրել առավել երկար դիրք, մասնավորապես, գնել դեկտեմբերյան ֆյուչերսներ: Սպասվում է, որ տարեվերջին նավթի գինը կկազմի 120 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ նավթի գների հետագա աճին կնպաստի, մասնավորապես, Չինաստանի կողմից պահանջարկի մեծացումը, OPEC կազմակերպության անդամ երկրներում նավթի արդյունահանման ծավալների կրճատումը, ինչպես նաև Իրանում պահպանվող անկայուն իրավիճակը:

Նշենք, որ տարվա սկզբից Brent տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է շուրջ 5%-ով:

Երեկ՝ փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում նավթի գինը կազմել էր 117,38 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց:

Share