Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՕԲԱՄԱՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 23%-ՈՎ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, հրապարակել են իրենց տարեկան եկամուտների հայտարարագիրը, ըստ որի՝ 2012 թվականին ամերիկյան նախագահական ընտանիքի տարեկան եկամուտը կազմել է 608,6 հազար ԱՄՆ դոլար: 2011 թվականի համեմատ Օբամաների եկամուտը կրճատվել է շուրջ 23%-ով:

Ըստ ներկայացված տվյալների` 2012 թվականին Օբամաների ընտանիքի եկամուտների մեծ մասը կազմել է Բարաք Օբամայի աշխատավարձը` որպես ԱՄՆ նախագահ, իսկ մյուս մասը կազմել են ԱՄՆ նախագահի հեղինակային գրքերի վաճառքից ստացված գումարներն ու հոնորարները, որոնք նախորդ տարվա համեմատ զգալի կրճատվել են:

2012 թվականի ընթացքում ԱՄՆ նախագահի ընտանիքը դաշնային բյուջե է փոխանցել 112,21 հազար ԱՄՆ դոլարի հարկ: Սա նշանակում է, որ ԱՄՆ նախագահը հաշվետու տարում եկամտահարկ է վճարել 18,4% տոկոսադրույքով: 2011 թվականին եկամտահարկի տոկոսադրույքը կազմել էր 20,5%:

Հատկանշական է, որ 2012 թվականի արդյունքներով ԱՄՆ նախագահի տարեկան եկամուտը շուրջ 10 անգամ գերազանցել է ամերիկյան տնային տնտեսությունների միջին տարեկան եկամուտը:

Նշենք նաև, որ հաշվետու տարում շուրջ 150 հազար ԱՄՆ դոլար Օբամաներն ուղղել են բարեգործությանը:

Share