Բաժին. Տնտեսական

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՐՑՆՈՒՄ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Հարկերի վճարումից խուսափելու դեպքերի պատճառով Եվրամիությունը տարեկան «կորցնում է» շուրջ 1 տրիլիոն եվրո: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Նա նշել է, որ ներկայիս եվրոպական  ճգնաժամն առավել է ընդգծել արդյունավետ և արդար հարկային համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: «Հարկերի վճարումից խուսափելու դեպքերն առավել լուրջ և հրատապ խնդիր են այն երկրների համար, որոնք պետական ֆինանսների վերականգնման համար լրացուցիչ ռեսուրսների կարիք ունեն», – նշել է Հերման Վան Ռոմպեյը:

Նշենք, որ նշված 1 տրիլիոն եվրո գումարը համարժեք է Եվրամիության 5-րդ խոշոր երկրի՝ Իսպանիայի ՀՆԱ-ի տարեկան ծավալին և փոքր-ինչ գերազանցում է Եվրոգոտու անդամ մի շարք երկրների, մասնավորապես, Հունաստանի, Իռլանդիայի, Պորտուգալիայի և Կիպրոսի տնտեսությունների փրկության ծրագրերի ընդհանուր ծավալը:

Նախատեսվում է, Եվրամիության տարածքում հարկերի վճարումից խուսափելու խնդիրը կքննարկվի մայիսի 22-ին Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաների կայանալիք հանդիպման ժամանակ: Սպասվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի բանկային ավանդների վերաբերյալ տեղեկատվության բաց փոխանակություն ապահովելու մեխանիզմի մշակման հարցը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լյուքսեմբուրգը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել բանկային գաղտնիքից և բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շրջանակներում համագործակցել Եվրամիության անդամ երկրների հետ:

Այժմ Եվրամիության երկրներից միայն Ավստրիան է մնացել, որ հանաձայն չէ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նախաձեռնության հետ: 

Share