Բաժին. Տնտեսական

ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2014Թ.-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման ծրագրի առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի սեպտեմբերին: Ծրագրի իրականացման պատասխանատուների փոխանցմամբ, առաջին փուլի ավարտին շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:

Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թվականին. կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի՝ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում  քննարկվել են կառուցվող համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:

Դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար:

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի նախաձեռնած ծրագրերից մեկն է:

Այս ծրագրերը միավորվում են RVVZ հիմնադրամի հովանու ներքո:

Share