Բաժին. Տնտեսական

ADIDAS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԲԱԺՆԵՏԵՐ ԲԵՐՆԱՐ ՏԱՊԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Ֆրանսիայի իշխանությունները կալանավորել են Adidas ընկերության նախկին համասեփականատեր  Բերնար Տապիին, ով մեղադրվում է ֆինանսական կեղծարարության մեջ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ սպասվում է, որ առաջիկա չորս օրվա ընթացքում կներկայացվի պաշտոնական մեղադրանք: Հակառակ դեպքում, Բերնար Տապին ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հարցաքննման նպատակով բերման էր ենթարկել France Telecom (Orange) հեռահաղորդակցական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Ռիշարին (Stéphane Richard), ով մեղադրվում է «Բերնար Տապիի գործում» իր մասնակցությունն ունենալու մեջ: Այս գործով ոստիկանությունը հարցաքննել էր նաև Ռիշարի նախկին գործընկեր, իսկ այժմ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին:

Լագարդը, ով 2008 թվականին զբաղեցնում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին դիրքը չարաշահելու և Ֆրանսիայի Արբիտրաժային դատարանի վրա «ճնշում գործադրելու» մեջ: Ըստ հետաքննության՝ «ենթադրվող ճնշման» արդյունքում դատարանն ընդունել էր որոշում, ըստ որի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բարեկամ, քաղաքական գործիչ և գործարար Բերնար Տապիի՝ Adidas ընկերությունում ունեցած բաժնեմասի վաճառքի դիմաց սահմանվել էր բավականին մեծ փոխհատուցման գումար, որը վճարվել էր պետական միջոցներից:

Բանն այն է, որ 1993 թվականին Բերնար Տապին վաճառել էր Adidas ընկերությունում ունեցած իր բաժնեմասը: Գործաքի կնքման ժամանակ որպես միջնորդ հանդես էր եկել Credit Lyonnais պետական բանկը: Հետագայում այս բանկի դեմ Տապին ներկայացրել էր դատական հայց՝ մեղադրելով կեղծիքի մեջ և պահանջելով փոխհատուցում: Ըստ գործով առկա հրապարակումների՝ «փոխադարձ համաձայնության» արդյունքում դատարանն ընդունել էր Տապիին գոհացնող որոշում, իսկ վերջինս իր «ներդրում էր ունեցել» Նիկոլա Սարկոզիի՝ նախագահ դառնալու հարցում:

Share