Բաժին. Տնտեսական

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՆ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ պաղպաղակ արտադրող բոլոր ընկերությունները գտնվում են ծառայության մշտական վերահսկողության ներքո:

Ի պատասխան վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակումներին՝ պաղպաղակի շուկայում առկա խախտումների վերաբերյալ՝ ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության «Կաթին կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկակական կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ կարգավորվում է պաղպաղակի արտադրությանը ներկայացվող պահանջները և հասկացությունների բաժնում հստակ տրված են կաթնաբուսական և կաթնային հիմքով պաղպաղակների ձևակերպումները:  

ՀՀ օրենսդրության համաձայն՝ բուսական յուղի առկայությունը որպես անվտանգության ցուցանիշ դիտարկել չի կարելի: Եվ քանի որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝ վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար, ինչպես նաև շուկայից հետկանչման ենթակա է միայն վտանգավոր ճանաչված սննդամթերքը, հետևաբար՝ պաղպաղակը, որում օգտագործված է օրենսդրորեն սահմանված տեսակի և քանակությամբ բուսական յուղ, շուկայից հետկանչման ենթակա չէ:

Ծառայությունը կոչ է անում ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հայտարարություններ և մեկնաբանություններ անելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով և չապակողմնորոշել սպառողներին:

Share