Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Կապանում իրականացվող ծրագրերը և ընթացիկ խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ծանոթացել է Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին:

Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ նախարարը նախ այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, եւ 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Փոխվարչապետն այցելել է նաեւ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով նախատեսված բնակելի համալիրի կառուցման վայր: Զեկուցվել է, որ ծրագրի իրականացման առումով որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գեւորգյանը խոստացել է հարցը իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կառավարությունում` առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Քաղաքապետը փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել քաղաքի կենտրոնի բարեկարգման ծրագրերի մասին:

Share