Բաժին. Տնտեսական

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության աշխատանքը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման հանրապետության Նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում և Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանն աջակցության աշխատանքները: Արա Աբրահամյանը նշել է, որ իր գլխավորած կառույցի ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդության հիմնախնդիրները, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն:

Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, ընդգծելով, որ համահայկական այդ կառույցի կողմից իրականացվող աշխատանքները կարևոր են Հայրենիքի հզորացման, աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ երիտասարդության համախմբման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սատարել կառույցին՝ համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:

Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ միության և կոնգրեսի ծրագրերին մշտապես աջակցելու համար, կարևորել նաև պետական մարմինների և համահայկական այլ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը:

Share