Բաժին. Տնտեսական

Հայաստանի գյուղատնտեսության ապագան կոոպերատիվներն են

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն` անկախությունից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերած օժանդակության համար, որը շարունակվում է մինչ օրս: Նախարարը ընդգծել է նաև Գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագրի համար ԱՄՆ-ի՝ շուրջ 1 միլիոն դոլար տրամադրելու պատրաստակամությունը: Այնուհետև նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Քարեն Հիլարդն իր հերթին նշել է, որ պատրաստ է լսել նախարարության առաջարկները և այն քննարկել իր ղեկավարության հետ՝ հետագայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կոոպերատիվներն են, ուստի 2014 թվականին ևս խորհրդատվական ծրագրերի միջոցով կխթանեն նոր կոոպերատիվների հիմնման գործընթացը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Share