Բաժին. Տնտեսական

Գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նոր սպասարկման կենտրոնը

Գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նոր սպասարկման կենտրոնը: Ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել շուրջ 50 քառակուսի մետր մակերեսով նոր սրահը` վերազինված ժամանակակից սարքավորումներով: Հարկ վճարողների հետ տարվող հիմնական աշխատանքն այսուհետ կիրականացվի հենց այս  սպասարկման սրահի միջոցով` «մեկ պատուհանի» սկզբունքով: Պետական եկամուտների կոմիտեում վստահ են, որ նոր սպասրակման կենտրոնի գործարկմամբ էապես կնվազի հարկային տեսուչ-հարկատու շփումը:

Նորաբաց սրահում հարկ վճարողները կարող են ոչ միայն ներկայացնել դիմումներ, հարկային հաշվարկներ, հաշվետվություններ, այլև օրենսդրական պարզաբանումներ ստանալ, օգտվել իրազեկման նյութերից: Այցելուներին հասանելի տեղում տեղադրված է նաև հայտարարությունների ցուցատախտակ, ինչն իր հերթին կնպաստի հարկատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Նշենք, որ Արտաշատի տարածքային հարկային տեսչության միջոցով տարեկան շուրջ 7 միլիարդ դրամ եկամուտ է ապահովվում պետական բյուջե:

Ի դեպ, Արտաշատի տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է նաև Արարատի տարածաշրջանի հարկ վճարողներին, քանի որ համակարգում տարեսկզբին իրականացված օպտիմալացման գործընթացի արդյունքում ի թիվս վերակազմակերպված մի շարք տարածքային հարկային տեսչությունների, Արարատի տեսչությունը վերակազմավորվել և միացել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը:

Արտաշատի հարկային տեսչությունն առանձնանում է տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններով` սպասարկելով Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքները և 68 գյուղական համայնք, այդ թվում` գինեգործությամբ և վերամշակմամբ զբաղվող 19, ձկնաբուծական 6 և հանքարդյունաբերական 25 ձեռնարկություն:

Տեսչությունում հաշվառված  է 6757 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում` 2561 իրավաբանական անձ, 4196 անհատ ձեռնարկատեր:

Սպասարկման սրահի միջոցով է իրականացվում նաև էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների սպասարկումը:

Share