Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանում մրցունակ ավիափոխադրումների ծառայությունների ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրի իրականացման աշխատանքային խմբի առաջին նիստը` աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ այս աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարության աշխատակազմից, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման և ֆինանսների նախարարություններից, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ՀՀ հանրային խորհրդից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից:

Հանդիպման օրակարգում եղել են ինչպես աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող տեխնիկական և կազմակերպչական բնույթի, այնպես էլ ծրագրի և դրա իրականացման գործողությունների հետ կապված հարցեր:

Նիստում որոշվել է, որ ծրագրի իրականացման շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ներգրավված խորհրդատուների խմբի կողմից կմշակվի և աշխատանքային խմբի քննարկմանը կներկայացնի հետագա քայլերի մանրակրկիտ ճանապարհային քարտեզը:

Share