Բաժին. Տնտեսական

Ներկայացվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղված օրենսդրական փոփոխությունները

Դեկտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը կազմակերպել էին աշխատանքային քննարկում` ուղված Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման նպատակով նախարարության և ծրագրի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների հանրային ներկայացմանն ու քննարկմանը:

Հանդիպման նպատակն էր թեմայի վերաբերյալ ծավալել երկխոսություն մասնավոր և հանրային ոլորտների ներկայացուցիչների միջև, ստանալ առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Աշխատանքային քննարկման կազմակերպիչների դիտարկմամբ՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են միջազգային լավագույն գործելակերպից: Օրենսդրական փոփոխություններն առաջարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում:

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում: Փոփոխությունների արդյունքում կստեղծվի բարենպաստ դաշտ օտարերկրյա գործընկերների հետ էլեկտրոնային գործարքների կնքման և էլեկտրոնային ստորագրության կիրառման համար: Էլեկտրոնային առևտրի զարգացած համակարգը կխթանի նաև երկրում էլեկտրոնային տարբեր ծառայությունների տրամադրումը:

Քննարկմանը մասնակցել են մասնավոր հատվածի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Տրանպորտի և կապի նախարարության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված իրավական ակտերի և նախագծերի դրույթները: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի ներկայացուցիչը ներկայացրել է մաքսային ոլորտին վերաբերող փոփոխությունների առաջարկները: Մասնակիցները քննարկել են էլեկտրոնային առևտրին առնչվող խնդիրները` կարևորելով առաջարկվող բարեփոխումները:

Share