Բաժին. Տնտեսական

Հունվարի 1-ից 275 հազար քաղաքացի օրենքի ուժով պարտադրված կմինանա կուտակային կենսաթոշակային համակարգին

Եկող տարվանից Հայաստանում ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Մեր երկիրը հրաժարվում է սերունդների համերաշխության սկզբունքից: Եթե դուք ունեք աշխատանք ու եկամուտ, ապա այսուհետ պարտավոր եք մտածել ապահով ծերության մասին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ այս հարցում մեր պետությունն այլընտրանք չունի: «Եթե ուզում ենք, որ Հայաստանի քաղաքացիները թոշակի անցնելուց հետո ապահով ապրեն, ապա այլընտրանք չկա»: Նման հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք ունենք 500 հազար քաղաքացի, ովքեր վճարում են միասնական սոցիալական հարկ, և սերունդների համերաշխության սկզբունքի ներքո այդ հարկերը մենք պետք է ուղղենք այսօրվա 550 հազար թոշակառուներին, այնպիսի կենսաթոշակ վճարենք, որ նրանք իրենց ծերությունը ապահով համարեն: Այս համակարգը այդ երաշխիքը չի ստեղծում, քանի որ մեր 500 հազար հարկ վճարողների կողմից վճարված գումարները բավարար չեն պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար: Այսօր մենք վճարում ենք 33 հազար դրամ միջին թոշակ: Եթե դիտարկենք աղքատության շեմը, եթե մարդը ստանում է այդքան կենսաթոշակ, միայն կարողանում է լուծել սննդի նվազագույն պահանջարկը: Դա նշանակում է, որ երբ մարդն անցում է թոշակի, և դա է ապրելու իր միակ միջոցը, ինքն աղքատ է: Դա նշանակում է, որ ամեն թոշակի անցնողը հայտնվում է աղքատության մեջ: Սա անընդունելի տարբերակ է: Բաց այդ, այսօրվա կենսաթոշակային համակարգը արդար չէ, քանի որ հաշվի չի առնում, թե մարդն ինչ աշխատանքային կենսագրություն է ունեցել, ինչքան հարկ է վճարել աշխատանքի ընթացքում, ինչ եկամուտներ է ունեցել: Իր ապահով ծերությունը պայմանավորված է մի հանգամանքով, թե այդ պահին պետությունը ինչ ֆինանսական հնարավորություններ ունի նրան թոշակ տրամադրելու»:

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ մյուս տարբերակը միասնական սոցիալական հարկը բարձրացնելն է, որը նույնպես, ըստ նրա, ընդունելի չէ, քանի որ հարկային բեռի ավելացումը զսպում է տնտեսական աճը:

Նման պայմաններում, ըստ վարչապետի, մեր երկիրն ունի մեկ հնարավարություն՝ անցնել պարտադիր կուտակային համակարգի: «Մեր պետությունն ասում է՝ սիրելի՛ երիտասարդներ, դուք պետք է ստանձնեք ձեր ապագայի  համար այդ սոցիալական պատասխանատվությունը, դուք պետք է ձեր եկամուտներից 5 տոկոս կուտակեք ամեն տարի, որ անցնեք ապահով, երաշխավորված կենսաթոշակի, որ 35-40 տարի հետո չառնչվեք աղքատության խնդրի հետ: Սա է մեր ռեֆորմի բովանդակությունը», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծել է, որ հունվարի 1-ից Հայաստանի 275 հազար քաղաքացի օրենքի ուժով պարտադրված է լինելու իրականացնել «կենսաթոշակային» նոր գործողություններ:

Share