Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը շուտով կանցնի լիարժեք գործունեության

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կսկսի լիարժեք գործել և ծառայություններ մատուցել արտահանման ապահովագրական գործունեության համար անհրաժեշտ նախապատրաստական փուլի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունից:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանն արդեն գրանցել և ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրել:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հիմնական գործառույթն ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես, այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները:

Գործակալությունը հիմնադրվել է ՀՀ Կառավարության որոշմամբ (Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում)` որպես ՀՀ-ում արտահանման խթանման արդյունավետ գործիք:

Այս գործակալության հիմնական նպատակներն են՝

– Նպաստել ՀՀ արտահանման շուկաների ընդլայնմանը և աճին,

– Նպաստել արտահանման ոլորտի դիվերսիֆիկացիային` արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների համար ստեղծելով հասանելի և մատչելի ֆինանսական ռեսուրսներ,

– Նպաստել կազմակերպությունների արտադրության և արտահանման կարողությունների աճին` տեխնիկական վերազինման հնարավորություններ ստեղծելու միջոցով,

– Նպաստել արտահանման հետ կապված առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը:

Share