Բաժին. Տնտեսական

Հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակները հաշվարկվում են նոր բանաձևով

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ մեր երկրում ներդրվում է աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև փոխվում է կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը:

Արդյունքում, ինչպես հայտնում են Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ կաճի ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափը, և ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կնվազի 32000-ով: Նախարարությունում հաշվարկել են, որ սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի շուրջ 15000:

Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակները  հաշվարկվում են նոր բանաձևով:

Բանաձևի ելակետային տվյալներն են` հիմնական կենսաթոշակի չափը, 1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկը սահմանված է օրենքով:  

Հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 14000 դրամ (նախկին 13000 դրամի փոխարեն),  1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը` մինչև 10 տարվա աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին` 700 դրամ, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին` 450 դրամ:  

Առավել մանրամասն ներկայացված է նախարարության կայքում:

Share