Բաժին. Տնտեսական

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչև 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաև բոլոր գործարքների փաստաթղթավորում:

Տիգրան Սարգսյանը զարմանք և տարակուսանք է հայտնել, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: «Այս դեպքում խնդիրը պետք է փնտրել ոչ միայն վատ վարչարարության, այլև թե ՓՄՁ-ների ստվերային գործունեության, և թե խոշոր բիզնեսի ստվերային հոսքերի շրջանառության ապահովման մեջ», – ասել է վարչապետը:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկաներին ևս մեկ անգամ քննարկել ներկայացված առաջարկությունները և հարցը կրկին ներկայացնել հաջորդ նիստում:

Share