Բաժին. Տնտեսական

Բարաք Օբաման ստորագրել է «սպասված» հրամանագիրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր՝ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը, երկրի կառավարության և պետական մարմինների աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ: Սա թույլ կտա երկրի կառավարությանն առանց «խափանման» աշխատել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը:

Ըստ հրամանագրի՝ ընթացիկ ֆինանսական տարում երկրի կառավարության գործունեության ֆինանսավորման ծախսերը կկազմեն 1,1012 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եվս 92 մլրդ ԱՄՆ դոլար կուղղվի ԱՄՆ-ի սահմաններից դուրս ռազմական ծախսերի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի վերջին Բարաք Օբաման ստորագրել էր երկրի բյուջեի նախագիծը, որը թույլ էր տվել բարձրացնել երկրի պետական պարտքի վերին սահմանը և վերականգնել պետական կառույցների աշխատանքը:

ԱՄՆ պետական կառույցները հոկտեմբերի 1-ից մինչև 17-ը մասնակիորեն «փակվել էին»: Պատճառը հանրապետականների և դեմոկրատների տարաձայնությունների էին՝ կապված նոր ֆինանսական տարվա բյուջեի ցուցանիշների հետ:  

Բյուջեի նախագծի «փոխզիջումային» տարբերակն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում:

Կողմերը փոխհամաձայնության էին եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնել էր վերանայել առողջապահության համակարգի բարեփոխումների համար նախատեսված ծախսերը:

Պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շնորհիվ ԱՄՆ-ին հաջողվել էր կրկին խուսափել տեխնիկական դեֆոլտից:

Share