Բաժին. Տնտեսական

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով

Չեխիայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են նաև պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը: Նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքները, նախաձեռնված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում: Դրանց համաձայն, Հայաստանը մասնավորապես` Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես»-2014 տարեկան զեկույցում 185 երկրների շարքում գրավում է 37-րդ տեղը: Անդրադառնալով ՀՀ տնտեսական հնարավորություններին՝ Հանրապետության Նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար: Առաջինը 2013թ. սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, այլ կերպ ասած՝ դա մեր որոշումն էր միանալ 200 միլիոնանոց շուկային: Երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից արտոնյալ առևտրային ռեժիմի վերահաստատումն էր, ի թիվս 9 երկրների, նաև Հայաստանի Հանրապետության հետ: Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առևտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր հանգամանք է, որ և՛ պարոն Զեմանը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ունենան արագ աճ»:

Գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի և Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաև զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան և վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, և երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Share