Բաժին. Տնտեսական

Կայացել է հայ-հնդկական գործարար համաժողով

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության Դեսպանությունը և Զարգացման հայկական գործակալությունը  կազմակերպել են հայ-հնդկական գործարար համաժողով դեղագործության ոլորտում: Համաժողովին կից կազմակերպվել են նաև երկուստեք հանդիպումներ, կլոր սեղանի քննարկումներ և այցելություններ համապատասխան ձեռնարկություններ:

Զարգացման հայկական գործակալությունից հայտնում են, որ 32 հնդկական մասնակից ձեռնարկությունները ներկայացրել են դեղագործության ոլորտը` արտադրություն, արտահանում/ներմուծում:

Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Հնդկաստանի դեղագործության արտահանման խթանման խորհուրդի (PHARMEXCIL) ներկայացուցիչ Աբհայ Սինհան, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Դեղագործական ֆակուլտետի դեկան  Բագրատ Ենոքյանը և այլն:

Զարգացման հայկական գործակալությունը ներկայացրել է շնորհանդես Հայաստանի դեղագործական ոլորտի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 62.1 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանումը ՀՀ-ից Հնդկաստանի Հանրապետություն կազմել է 193 հազար ԱՄՆ դոլար իսկ ներմուծումը` 62մլն ԱՄՆ դոլար:

2012 թվականին ՀՀ-ից Հնդկաստան է արտահանվել հիմնականում` բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, մեխանիկական և օպտիկական սարքավորումներ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր և ապարատներ, դրանց մասեր և հարմարանքներ, սև մետաղներ:  

2012 թվականին Հնդկաստանից ՀՀ է ներմուծվել հիմնականում միս և մսից ենթամթերք, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, պլաստմասե իրեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, սև մետաղներ:

Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 20 ընկերություն հնդկական կապիտալով:

Share