Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի նախագահին

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանին և «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանդրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում Էկոնոմիկայի նախարարը կարևորել է այն փաստը, որ  «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու առաջին շահագործողն է հանդիսանալու և արտադրելու է առաջին հայկական պլանշետները: Վահրամ Ավանեսյանը նշել է, որ ընկերության հաջողությունը դրական օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտում գործող այլ կազմակերպությունների համար, ինչպես նաև կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և միջազգային շուկայում հայկական բրենդի ձևավորմանն ու ճանաչմանը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Էկոնոմիկայի նախարարությանը ցուցաբերվող աջակցության համար: Կորպորացիայի նախագահը նախարարին ներկայացրել է ազատ տնտեսական գոտում իրենց գործունեության մանրամասները, ինչպես նաև կրթական ոլորտում նախատեսվող ծրագրերը:

Հանդիպման ավարտին Վահան Շաքարյանը Էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ առաջին հայակական պլանշետի` ԱրմԹաբի  պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 4-ին:

Share