Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ-ն մեկնարկել է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրություն

Փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  Եվրասիայի Մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմմայի գլխավորած  պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների կոնկրետ ոլորտները, ինչպես նաև հստակեցրել  հետագա աշխատանքների ժամանակացույցը:

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների Համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի ձևավորման, բարեփոխումների ուսումնասիրությունների ոլորտների հստակեցման, հետագա աշխատանքների հետ կապված հարցեր և այլն:

Նշենք, որ 2013թ. դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների  ծրագրում և սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին:

Այս կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է ՏՀԶԿ աջակցությամբ 2014թ. ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացման Համակարգող հանձնաժողով:

Ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների համար նախատեսված է ձևավորել երկու աշխատանքային խումբ հետևյալ ուղղություններով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում Հայաստան» և «Աջակցություն ՓՄՁ միջազգայնացմանը»: Այս երկու աշխատանքային խմբերը կղեկավարվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի կողմից:

2014թ. նոյեմբերին տեղի կունենա ՏՀԶԿ Եվրասիայի Մրցունակության ծրագրի երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի ՀՀ-ում կատարված հետազոտությունների վերաբերյալ զեկույցը: ՏՀԶԿ կմասնակցի նաև Ծրագրի արդյունքներով նախանշված բարեփոխումների իրականացման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացին:

Share