Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստան-Սերբիա տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը վարչապետը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը և համապատասխանեցումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է մարտի 11-ին Երևանում հայ-սերբական գործարար համաժողովի անցկացումը, որը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ:

Սերբիայի արտգործնախարարը նշել է, որ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել հնարավորինս լավագույն հարաբերություններ: Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը և դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարևորել է համապատասխան իրավական դաշտի ձևավորումը և նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Սերբիայի արտգործնախարարին, որ մեր երկիրը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երևան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար: Պարոն Մրկիչը ողջունել է այդ գաղափարը՝ ընդգծելով, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը և ներդրումների խրախուսումը:

Share