Բաժին. Տնտեսական

Երևանում կայացել է Եվրամիություն-Հայաստան համագործակցության հարցերին նվիրված համաժողով

Մարտի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում» թեմայով համաժողով:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Միջոցառման ընթացքում ծրագրի ազգային համակարգող հանդիսացող ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շահառու մարմինների ներկայացուցիչներին ներկայացվել են ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում կիրառվող տեխնիկական օժանդակության ձևերը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) կիրառման մեխանիզմները, Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի ներկայիս վիճակը Հայաստանում, ինչպես նաև նշված գործիքի կիրառելիության հետագա քայլերը և ոլորտները:

Ններկայացվել են նաև «Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հզորացում» Թվինինգ ծրագրի արդյունքները և ազդեցությունը Հայաստանում:

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների, պետական այլ մարմինների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

Նշենք, որ ԵՀԳԳ ներքո իրականացվող ծրագրերը Հայաստանում գործնականում սկսել են իրականացվել 2009թ.-ից: Դրանց նպատակն է ՀՀ պետական կառավարման մարմիններում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը` ԵՄ չափանիշներին ու գործող մոդելներին համապատասխան, ՀՀ օրենսդրական դաշտի մոտարկումը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը: Ներկայումս արդեն իսկ կա ավարտված յոթ Թվինինգ ծրագիր, ևս 7 ծրագիր գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Մինչ օրս իրականացվել են 100-ից ավել Թայեքս միջոցառումներ:

Share