Բաժին. Տնտեսական

Միջազգային համաժողով՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում» խորագրով

Այսօր՝ մարտի 25-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով մեկնարկել է «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում.  հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը: 

Համաժողովի նպատակը հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահակիցների միջև երկխոսությունը դյուրացնելն է: Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանությունը, Երևանում Բրիտանական դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:

Հայաստանում հանքարդյունաբերության առկա հնարավորությունների ու մարտահրավերների քննարկմանը հրավիրված պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի շրջանակներում մասնակցում են միջազգային և տեղական փորձագետներ, միջազգային դիվանագիտական կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Երկօրյա համաժողովի ընթացքում միջազգային փորձագետներն իրենց մասնագիտական փորձառությունը կներկայացնեն գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը:    Համաժողովի շրջանակներում կքննարկվեն ընդգրկուն թեմաներ, ինչպիսիք են՝ համաշխարհային հանքարդյունաբերությունը, սոցիալական և բնապաhպանական խնդիրների կառավարումը, թափանցիկությունն ու ոլորտի ներդրումները:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն ուսումնասիրելու պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման ուղիները, ներառյալ շրջակա միջավայրի կառավարման բարելավումը, առավել նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծումը և ոլորտի թափանցիկության մակարդակի խթանումը Հայաստանում: Այս բազմակողմանի քննարկումը նպատակ ունի բարելավելու երկրում հանքարդյունաբերության ոլորտի կառավարումն ու օրենսդրական կարգավորումը:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Գերմանիայի դեսպաններն ու Կանադայի կառավարության ներկայացուցիչը:

Share